«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԱՂՄԱՆ ՉԷՐ ԳՆԱՑԵԼ»

«ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԱՂՄԱՆ ՉԷՐ ԳՆԱՑԵԼ»
20.10.2009 | 00:00

Ավարտվեց Հայաստան-Թուրքիա երկար սպասված ֆուտբոլային խաղը։ Ի՞նչ է հետևելու դրան, իհարկե, ոչ սպորտային տեսանկյունից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, նախ, փորձեցինք ճշտել, թե ինչպիսի տպավորություն է ստացել խաղից։ Պատասխանը շատ հակիրճ էր` նորմալ։
-Խաղից անմիջապես հետո Հայաստանում առաջին արձագանքն առնչվում էր Սերժ Սարգսյանի ժպիտին։ Ինչո՞ւ էր նախագահն այդչափ ուրախանում, երբ գնդակը հայտնվում էր հայերի դարպասում։
-Ի՞նչ է, նախագահն իրավունք չունի՞ 90 րոպե իրեն ֆուտբոլասերի պես պահելու։ Դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Գիտեմ նաև` ոնց են այդտեղ աշխատում օպերատորները։ Եթե կարծում եք, թե ամբողջ խաղի ընթացքում Սերժ Սարգսյանն ընդհանրապես չպետք է ժպտար, սխալվում եք։ Երկրի նախագահը թաղման չէր գնացել, այլ ֆուտբոլային խաղ դիտելու։
-Խաղում պարտվեցինք, իսկ դիվանագիտական հարթությունո՞ւմ։
-Սպորտում միշտ էլ կան և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Եթե մեկ այլ սպորտաձևով ներկայանայինք, օրինակ, շախմատով, առնվազն 6։0 հաշվով կհաղթեինք՝ թիմը վեց հոգուց բաղկացած լինելու դեպքում։ Թուրքիայում ֆուտբոլի մակարդակը, ավանդույթները, դրա վրա ծախսվող միլիարդները լիովին այլ են ու մեր ֆուտբոլի հետ համահունչ չեն։ Մեզանում էլ ֆուտբոլը զարգանում է, և ժամանակի ընթացքում հաջողություններ կունենանք։ Ա՛յ, երբ մենք Բելգիայի հավաքականին հաղթում ենք, այդ ժամանակ մեր մամուլն այդպես չի ուրախանում, իսկ երբ Թուրքիային կամ ուրիշ երկրի պարտվում ենք, սկսում են միանգամից քննադատել։ Ինչպես պարտություններով պետք է մտահոգվել, այնպես էլ հաղթանակներով պիտի ուրախանալ։ Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, կարծում եմ, այն ավելի շատ շախմատային խաղին է մոտ։ Հետևաբար, մենք դիվանագիտական ճակատում չենք պարտվել։ Այսօր Թուրքիայի հետ հավասարազոր վիճակում ենք։
-Ինչպես թուրքական ֆուտբոլը, այնպես էլ դիվանագիտությունը, կարծես թե, «շախմատային» է։ Իրո՞ք այս հարթության մեջ Հայաստանը «հավասարազոր» վիճակում է։
-Նախ` փոխաբերական իմաստով են դիվանագիտությունը ֆուտբոլի հետ համեմատում։ Չի կարելի դրանք միմյանց հետ նույնացնել։ Բառակապակցություն է, որն ինչ-որ մեկը նետեց ասպարեզ, ու բոլորն սկսեցին ասել` «ֆուտբոլային դիվանագիտություն», հա «ֆուտբոլային դիվանագիտություն»։ Ես էլ ասում եմ` «շախմատային դիվանագիտություն», որովհետև դիվանագիտությունն այս խաղին ավելի բնորոշ է։
-Ամեն դեպքում, կարելի՞ է «ֆուտբոլային դիվանագիտությունն» ավարտված համարել։
-Այո՛, սկսվում է շախմատային դիվանագիտության ժամանակաշրջանը։ Քանի որ մեր շախմատը համաշխարհային ճանաչում ունի, օլիմպիադաների չեմպիոն ենք նաև, կարծում եմ, դիվանագիտության ասպարեզում ևս հաջողությունների կհասնենք։
-Փաստորեն, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պետք է սպորտային քայլերո՞վ առաջ գնա։
-Ո՛չ, եթե դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին, բազմապիսի ձևերով հարաբերվելու ենք` և՛ մշակութային, և՛ գիտական, և՛ սպորտային։ Այնպես, ինչպես բոլոր նորմալ պետություններն են դիվանագիտական հարաբերություններ հաստատում։
-Արձանագրություններին ի՞նչ ճակատագիր է սպասում։ Թուրքիայի խորհրդարանն առաջի՞նը կվավերացնի դրանք։
-Կարծում եմ` երկուստեք կվավերացնեն։
-Եթե Թուրքիան գործընթացը տապալի, Հայաստանի համար ի՞նչ է դա նշանակում։
-Հայաստանն ադեկվատ վերաբերմունք ցույց կտա։
-Այսինքն։
-Մենք ևս չենք ստորագրի։
-Ստացվում է` արդյունքում մենք ոչ մի կորուստ չե՞նք ունենալու։
-Անհաջողությունները բոլոր դեպքերում էլ երկուստեք կորուստների կհանգեցնեն։ Երկու ժողովուրդների համար շատ պատեհ ժամանակահատված է, որպեսզի միմյանց հետ հարաբերությունները պարզեն, հստակեցնեն։ Հարևան երկրները պետք է նորմալ հարաբերություններ ունենան միմյանց հետ։
-Քաղաքական վերլուծությունների դաշտում արդեն տևական ժամանակ շրջանառվում է այն տեսակետը, թե Հայաստանն այս գործընթացի մեջ մտավ արտաքին ուժերի թելադրանքով։ Ձեր դիտարկմամբ` հայ-թուրքական հարաբերություններում այլ երկրների ներկայությունն իրո՞ք գերակա է։
-Ընդհանրապես, համաշխարհային գործընթացները մեկը մյուսի հետ կապված են։ Թելադրանքը, պարտադրանքը որոշ քաղաքական ուժերի հորինած բաներ են։ Այնպիսի հարցում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են, բնականաբար, առկա է մեծ տերությունների շահագրգռվածությունը։ Այսօր և՛ մեզ, և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի համար շատ կարևոր է այս հարաբերությունների կարգավորումը։ Սրանով Հայաստանը դուրս է գալիս միջազգային մեծ ասպարեզ, դառնում ճանաչելի գործոն տարածաշրջանում։ Սրա համար պետք է միայն ուրախանալ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ